38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Անցյալից»

«Անցյալից»
04.04.2024 | 08:50

Կխնդրեի անպայման կարդալ, այժմեական է, շա՜տ։

Հիմա էլ Արևմուտքը մեզ դաշնակից է ձևանում, ըստ այդմ, առաջարկում եմ՝ վերհիշել պատմական այս դրվագը, որտեղ «բարեխիղճ» Արևմուտքը մեր պաշպանն ու դաշնակիցն էր և դրանից հետևություններ անել:

ՀԱՏՎԱԾ՝ ԼԵՈՅԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Թուրքիայի մեջ մի ուժ էր մնացել՝ Մուստաֆա Քեմալ-փաշան. Անգլիան նրան ոչնչացնել է ուզում հույների ձեռքով, որոնց զինել է եւ պատերազմի հանել Զմյուռնիայի պատճառով։ Ֆրանկոանգլիական մրցակցությունը սաստկանում է։ Ֆրանսիացիները վճռում են ուժեղացնել Մուստաֆա Քեմալին, որպեսզի նա հաղթի հույներին եւ դրանով ֆրանսիական շահերին նպաստող դրություն ստեղծի։ 1921թ. հոկտեմբերին ֆրանսիական կառավարության լիազոր Ֆրանկլեն Բույոնը գնում է Անկարա եւ գաղտնի պայմանագիր կապում Քեմալի հետ, որով Ֆրանսիան Թուրքիային է վերադարձնում Կիլիկիան, սահմանների նոր որոշում կայացնում Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ, Թուրքիայից ստանում կոնցեսիաներ, Մուստաֆա Քեմալին տալիս զենք, հագուստ, ռազմամթերք եւ զինվորական այլ պատկանելիքներ…

Սեւրի դաշնագիրն արդեն պատռված էր։ Եվ հայերն ընկնում էին այն բարձունքներից, ուր նրանց դրել էին այդ դաշնագիրը ստորագրողները. ընկնում էին եւ ջախջախվում։ Կիլիկիայի անակնկալ հանձնումը Թուրքիային՝ սարսափի էր մատնում նրա ամբողջ հայությանը, եւ 120 հազար հոգի փախչում էին նավերը, ցրվում աշխարհի բոլոր կողմերը կամ մնում նավերի ու նավակների վրա։ Երբ Ահարոնյանը դիվանագետի շողոքորթ լեզվով գնում էր վարչապետ Արիստիդ Բրիանի մոտ, սա շնական վեհանձնությամբ պատասխանում է, թե ինքը կարգադրություն է արել, որ հայ փախստականներին ընդունեն…

Սիրիայում։ Հիշեցե՛ք այս իսկ Բրիանին 1915-ին՝ հայկական կոտորածների ժամանակ, թե ի՛նչ խոստումներ էր անում եւ ի՛նչ լեզվով էր խոսում։ Հիշեցե՛ք հայասիրական հանդեսները, Անատոլ Ֆրանսին… Ո՛չ ոք, ո՛չ ոք դուրս չեկավ բողոքելու այս՝ արդեն ոչ թե թուրքական, այլ ֆրանսիական բարբարոսության դեմ… Հայերը կատարելապես լքված էին։ Նրանց արյան վրա այս վերջին վաճառքն էր, որ կատարում էր Ֆրանկլեն Բույոնը…

Լուռ ու անտարբեր մնաց եւ Ամերիկան, թեեւ այնտեղ գոյություն ուներ նույնիսկ Հայաստանի անկախության ընկերություն, որի ղեկավարները ամերիկյան հայտնի պետական մարդիկ էին։ Ձայն-ծպտուն չհանեց նաեւ արդեն նախագահությունից ընկած Վիլսոնը։ Եվ սակայն, որքա՜ն վնասներ տվեց նա հայերին իր անպտուղ հայասիրությամբ ։

Սեւրի դաշնագրով տրված իրավունքով նա գծագրեց Հայաստանի սահմանները (գցելով նրանց մեջ եւ Տրապիզոնը) եւ դրանով որքան գրգռեց թուրքերին հայերի դեմ։

Ալեքսանդր Խատիսյանը ներկայացավ Ֆրանկլեն Բույոնին եւ հարցրեց, թե մի՞թե Ֆրանսիան լքում է Հայոց հարցը։

«Մենք սրիկաներ չենք, – պատասխանել էր նա, – որ լքենք հայերին, նրանց հարցը մնում է եւ կապ չունի Կիլիկիայի հետ»։

Հետագա դեպքերն ապացուցեցին, որ նրանք իսկապես սրիկաներ էին, որովհետեւ բոլորովին լքեցին հայերին։ Երբ ֆրանսիացի մի խումբ հասարակական եւ պետական գործիչներ դիմեցին Բրիանին հաջորդած Պուանկարեին եւ խնդրեցին պաշտպանել Հայոց հարցը, նա պատասխանեց աներեւակայելի շնականությամբ (ցինիզմով).

«Հայերը մեզ դաշնակիցներ են եղել, նրանց հարցը մենք կհանձնենք Ազգերի լիգային»։

Վիլսոնի հղացած, բայց այլանդակ վիժմունք դարձած այս հիմնարկությանը՝ Ազգերի լիգային, որ նույն ուժեղների, նույն Անգլիայի, Ֆրանսիայի ստրուկն էր։ Եվ ի՞նչ պատասխաներ նա, որ լավ լիներ։ «Հայոց հարցը, – ասաց, – քաղաքական հարց չէ, այլ բարեգործության հարց, իսկ մենք դրամական միջոցներ չունենք»։

Ահա՛ վերջիվերջո ինչ լեզու էր բանեցնում եվրոպական բուրժուազիան՝ ի՜նչ քաղաքական պահանջ, ի՜նչ հայրենիք, ի՜նչ դես, ի՜նչ դեն, մի քանի գրոշ կհասներ ձեզ ողորմություն, այն էլ չկա գրպանումս… հայդե՜։

1878 թվականից մինչեւ այս չարչիական թուքը… Համեցե՛ք…

Իսկ ինչպե՞ս էր Անգլիան։

Անգլիան սաստիկ զայրացավ Ֆրանկլեն Բույոնի կնքած պայմանագրի առիթով, բողոքեց նրա դեմ, բայց մի՛ կարծիք, թե այդ շանթերից եւ ամպրոպներից նույնիսկ մի հյուլե որեւէ հարաբերություն ուներ Կիլիկիայի հայության հարցի հետ։ Իսկ Սեւրի դաշնագրով գոյություն առած Հայաստանն էլ արդեն Անգլիայի պետական մարդկանց համար դարձել էր մի եղջերվաքաղ (քիմեր) ։ Լլոյդ Ջորջը Համայնքների պալատում Հայաստանի անունը տալիս էր հեգնական ժպիտով։ Իսկ արտաքին գործերի մինիստր Քերզոնը պարզապես ասում էր, թե հայերին չի տրվի այն ամենը, ինչ նշանակված է Սեւրի դաշնագրում, այլ միայն մի «ազգային օջախ», [որի] էությունը մնում էր անորոշ։ Սա ցույց էր տալիս, որ անգլիական կառավարությունը որոշել էր քեմալական Թուրքիային բավարարություն տալ ի հաշիվ Հայաստանի։

Եվ արդյո՞ք պետք կա զարմանալու անհատների վրա, մի Քերզոնի, մի Լլոյդ Ջորջի վրա, երբ ամբողջ բուրժուական հասարակությունը ներկայացնող պառլամենտը, այն էլ այնքան գովված ու փառաբանված անգլիական պառլամենտը բարոյական ավելի մեծ արժեք չէր ներկայացնում, քան բոլոր այդ ստախոս ու խաբեբա բույոնները, բրիանները, պուանկարեները եւ բոլոր ուրիշները։ Ինձ մոտ բոլորովին պատահաբար մնացել է Կ.Պոլսի հայերեն թերթերից մեկը, ուր կա անգլիական պառլամենտի 1921թ. դեկտեմբերի 21-ի նիստի նկարագրությունը։ Խոսվում է Կիլիկիայի հայերի դրության մասին, մտցվում է առաջարկ, որ հայերը զոհ չդառնան ֆրանկո-թուրքական համաձայնության եւ պաշտպանված լինեն կոտորածից։ Տեղի ունեցած խոսակցություններից բերում եմ երկու կտոր։ «Այս առաջարկին վրա լորդ Ռոբերտ Սեսիլ ըսավ. «Պատերազմի պահուն թուրք կառավարությունը հայոց ազգին օժանդակության դիմեց՝ ըսելով, որ երբ այն բանը ընե, արժանի պիտի ըլլա ինքնավարության։ Հայերը ինքզինքնին դաշնակիցներու կողմնակից համարելով, մերժեցին այդ առաջարկը։ Ահա այս մերժումին վրա էր, որ ջարդելու ենթարկվեցան։ Պատերազմի պահուն մենք քանիցս հանձնառու եղած էինք Հայաստանի անկախությունն ընել մեր հաշտության պայմաններեն մին»։ [Այնուհետեւ] երեք տող ջնջված։

«Գաղթային նախարար մր. Չեմբերլեն 400 . «Հայոց եղած հալածանքներուն եւ վայրագությանց հանդեպ զզվանք կը զգանք եւ այդ պատճառավ իսկ կը պարսավենք թուրք վարչությունը։ Մյուս կողմե՝ հարմար չէ, որ անգլիացի նախարարի մը իբր մտադրություն ըսած մեկ խոսքը իբր հանձնառություն մեկնվի։ Վարչապետը Թուրքիո առաջարկվելիք հաշտության պայմաններուն մեջ Հայաստանի ազատության եւ ապահովության մասին խոսած ըլլալով՝ ասիկա կը նկատեն Անգլիո կողմեն հանձնառություն մը։ Լորդ Սեսիլ այս մասին խոսած պահուն ըսավ, որ հայերը ասիկա նկատած են հանձնառություն մը, եւ եթե այսպիսի հանձնառություն մը չգտնվեր, հայ ազգը այժմ իր ենթարկված վտանգին ենթարկված չպիտի ըլլար։ Ես լորդ Սեսիլի այս կարծիքը ճիշտ չեմ գտներ… Նախարարի մը բերնեն ելած ամեն խոսք չի կրնար անգլիական կառավարության համար հանձնառություն նկատվիլ» ։

Եվ պառլամենտը, այսինքն՝ իբր թե ամբողջ անգլիական ազգը լուռ համաձայնությամբ ընդունեց այս բացարձակ անհեթեթությունը՝ լոկ դեն շպրտելու համար իրեն [համար] զոհված մի փոքրիկ ու թշվառ ժողովրդի։

Այնուհետեւ բանը գնում է անգլիական պառլամենտի հավանած կարգով։ 1922-ի աշնանը Մուստաֆա Քեմալը ջարդում է դժբախտ հույներին, եւ Անգլիան շտապում է իսկույն եւեթ վաճառել իր այդ զոհերին, որոնց նա ինքն էր զինել ու կրակի մեջ նետել։ Զմյուռնիայի հույն ազգաբնակչությունը եւ հայ գաղութը ոչնչանում են։ Նորից փախստականներ՝ հարյուր հազարներով, նորից տագնապ ու թշվառություն, իսկ անգլիական եւ ֆրանսիական հոյակապ նավերը կանգնած են ծովեզրյա ջրերում եւ սարսափից խելագար դժբախտներից ո՛չ մեկին, ո՛չ մեկին օգնություն չեն անում, չեն փրկում…

Այսպիսով Ֆրանսիան հաղթություն է տանում Անգլիայի վրա Արեւելքում։ Զինադադարի պայմանները որոշվեցին, Սեւրի դաշնագիրը հայտարարվեց ոչնչացած։ Նոր դաշնագիր կնքելու համար կոնֆերանս հավաքվեց Լոնդոնում։ Ահարոնյանը գնաց այնտեղ, բայց նրան այլեւս չընդունեցին իբրեւ դաշնակցող կողմ, ինչպես Սեւրում էր։ Հայաստանի հարց [այլեւս] չկար։ Ձեւը փրկած լինելու համար լորդ Քերզոնը խոսեց «հայկական օջախի» մասին, մի քանի ծամծմած, ապուշ բաներ ասաց։ Նույնիսկ այդ թշվառ գաղափարը ո՛չ ոքի կողմից պաշտպանություն չգտավ, Պուանկարեն էլ Բրիանի նման վաճառել էր «մեր դաշնակիցներին»։ Երբ Քերզոնը «հայկական օջախի» մասին էր ճառում, թուրքական պատվիրակը վեր կացավ եւ մեծ դժգոհությամբ դուրս գնաց՝ դուռը իր ետեւից սաստիկ խփելով։ Բրիտանական առյուծը փախուստի դիմեց, եւ ամեն ինչ վերջացավ։ Հայերի մասին այլեւս ո՛չ մի խոսք…

Ասում են, 700 հազարից պակաս չէ այն հայերի թիվը, որոնք փախան Կիլիկիայից, Զմյուռնիայից ու նրա շրջակայքներից, Մարմարա ծովի եզերքներից եւ Մուստաֆա Քեմալ-փաշայի ձեռքն անցած այլ տեղերից։ Այս բազմությունը ցաքուցրիվ է ընկել բոլոր հինգ աշխարհամասերում եւ այժմ ենթարկված է սուլթանական լծից էլ ավելի դժնդակ վիճակի։ Նրան արհամարհում են, հալածում են ամեն տեղ, ամեն կերպ խանգարում են, որ չկարողանա մի կտոր հաց աշխատել։ Ֆրանսիան Աֆրիկա է քշում իր հողի վրա կանգ առնող հայերին՝ գաղութներում ստրուկների պես աշխատեցնելու համար։ Անգլիայում հայ վաճառականներին արգելվում է գործակատարներ վերցնել փախստական հայերին։ Այսպես մեռնում եւ լուծվում է այդ 700 հազարանոց բազմությունն էլ…

Այժմ Թուրքահայաստան չկա։ Նա դարձել է մի վիթխարի գերեզման, որի վրա հավիտենական արձանագրված է՝ «Եվրոպայի զոհը»…

Քեմալական Թուրքիան Լոզանից վերադարձավ հաղթականի հովերով։ Ինքը՝ Քեմալը, մի ճառի մեջ պարծենում էր, թե չկա այլեւս մեծ Հայաստան։ Այո՛, դա գաղտնիք չէ, Եվրոպան զոհեց Հայաստանը՝ թուրքերին գոհացնելու համար։ Բայց [Թուրքիայի համար] մխիթարությու՞ն է այս՝ Եգիպտոսը, Արաբիան, Պաղեստինը, Սիրիան եւ Միջագետքը կորցնելուց հետո։ Հայաստան չկա, բայց ի՜նչ է մնացել նախկին Թուրքիայից. Կ.Պոլիսն անգամ պաշտպանված սեփականություն չէ, որովհետեւ նեղուցները գտնվում են իրապես Անգլիայի եւ Ֆրանսիայի ձեռքին։ Ո՛չ, ինչու՞ պարծենալ։ Ավելի լավ չէ՞ ճշմարտությունը բաց անել, այն՝ որ Հայաստանն էլ, Թուրքիան էլ Եվրոպայի զոհերն են…

Հատված՝ ԼԵՈՅԻ «Անցյալից»

հուշագրությունից

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 5558

Մեկնաբանություններ